Տուրիզմի հետ-կորոնավիրուսյան զարգացումներ

Տուրիզմի հետ-կորոնավիրուսյան զարգացումներ
Կորոնավիրուսի տարածման դանդաղեցման առաջին նշանները, ինչպես նաև տնտեսութունները և տուրիզմը վերջնականապես չկործանելու կառավարությունների ռացիոնալ ձգտումը, ստիպում են մտածել ու կանխատեսումներ անել, թե ինչ խաղի կանոններ են լինելու մոտակա ժամանակներում:

Սահմանների բացման հետ հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, ավիաընկերությունների և տուրիզմի այլ մասնակիցների առաջնային խնդիրն է դառնում հյուրերին տալ ապահովության այն զգացումը, որ նրանք ճամփորդեն, տեսնեն, վայելեն տեղական խորտիկները ու ստանալ նոր փորձառություններ՝ առանց վարակվելու մեծ ռիսկի ենթարկվելու:
Ավիաընկերությունների, սոցիալական հեռավորությունը պահելու նպատակով ավելի լայն ու մեծ ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, այդ իսկ պատճառով մի քանի ավիաընկերություններ, դադարից օգտվելով, սկսել են հանել մեջտեղի նստարանները: Դա նշանակում է ավելի քիչ նստատեղեր ինքնաթիռում, հետևաբար տոմսերի գնի աճը անխուսափելի է: 

Օդանավակայանները նույնպես խստացնելու են ուղևորների ստուգումը, որը կարող է ներառել ավելի հզոր տեխնիկական միջոցների կիրառում, ջերմային սենսորների միջոցով ուղևորահոսքի սկանավորում ու կասկածյալների առանձնացում, ռեգիստրացիայի ամբողջ պրոցեսում ձեռնոցների և դիմակների կրում, իրերի տեղափոխման և սկանավորման համար արկղերի վերացում, ուղեբեռում հեղուկ ախտահանիչի առկայության թույլտվություն:

Ռեստորանները, թե՛ առանձին, թե՛ հյուրանոցների կազմում գտնվող, աշխատելու են մեծացնել բացօթյա տարածքները, իսկ հնարավորության բացակայության ժամանակ՝ հեռացնել սեղանները այնպես, որպեսզի պահպանվի սոցիալական հեռավորությունը:

Հնարավոր է, որ բաց բուֆետը ընհանրապես անցնի պատմության գիրկը՝ թե՛ նախաճաշի, թե՛ կոնֆերնանսների ժամանակ: Նախապատվություն է տրվելու անհատապես փաթեթավորված սննդին, ավելի մեծ տարածքի վրա ավելի քիչ հյուրեր կընդունվեն: Հյուրանոցներում սննդի սենյակային սպասարկման ավելի լայն տարբերակներ պետք է առաջարկվեն՝ սանիտարա-հիգիենիկ նորմերի խստիվ պահպանմամբ:

Ինչպես հայտնի է, հյուրանոցային ցանցերը մշակում են հետ-վիրուսյան ժամանակների համար նոր մաքրության ստանդարտներ, ու բացի ամեն անկյունում ձեռքերի  ախտահանիչների ֆոտոսենսորով աշխատող ավտոմատ դիսպեսնսերների տեղադրումը, ու ժամանող հյուրերի ջերմաստիճանի անհպում չափումը, մեծ կիրառություն կունենա հեռակա գրանցումը (mobile check-in), սմարթ հեռախոսով դռների բացումը, անհատական չաթ հավելվածներով պատվերների գրանցումը, ինչպես նաև հյուրանոցը ամենուրեք պետք է ցույց տա խիստ մաքրության ստանդարտներին հետևելու իր աշխատանքը: Ձեռքերի հեղուկ ախտահանիչները, աէրոզոլները, ախտահանիչ անձեռցիկները կարող են դառնալ ապրանքներ, որոնք հյուրերը կարող են պատվիրել սենյակային սպասարկմանը կամ ժամանումից առաջ: Մինիբարերը կամ կհանվեն ընհանրապես, կամ մշտապես, հյուրի ժամանելուց առաջ կամ համալրելու ընթացքում ամբողջությամբ կախտահանվեն ու այնտեղ կթողնվի բացիկ՝ ախտահանված լինելու մասին գրությամբ:

Սովորաբար տուրիստական մեծ հոսք ունեցող վայրերը կտեսնեն հոսքի նվազում, քանի որ տուրիստները կխուսափեն մարդկային մեծ կուտակումներից: Եկող հոսքերը կտարածվեն մինչ այդ ոչ այնքան բարձր հաճախելիություն ունեցող վայրերում: Սա հատկապես վերաբերվում է մեծ քաղաքներին, որտեղից տուրիզմը կտեղափոխվի դեպի շրջաններ: Ընդհանրապես նախապատվությունը կտրվի բնությանը մոտիկ տուրիզմին, ինչպիսիք են լեռներով, անտառներով ու ջրային ավազաններով արկածային և ոչ արկածային ծրագրերին:
Նույն տենդենցը կվերաբերվի բիզնեսին. Այն բիզնեսները, որոնք կապված չեն քաղաքի եռուզեռի հետ, կաշխատեն տեղափոխվել դեպի շրջանններ, իսկ գործուղումները կթողնվեն միայն ծայրահեղ անհրաժեղտ դեպքերի համար: 

Միջոցառումների կազմակերպման տեսանկյունից մեծ կոնֆերանսները կարող են համարվել անցյալի պատմություն. Ներկա տեխնոլոգիական հնարավորություններն ու ծրագրային հավելվածները թույլ են տալիս բազմամարդ տեսակոնֆերանսների իրականացումը: Մեծ ինսենթիվ խմբերը՝ երկրից երկիր ճամփորդող, մոտակա 2 տարում կդադարեցվեն, քանի որ ոչ մի կազմակերպություն չի ցանկանա իր որևէ աշխատակցի ու իր հեղինակությունը վտանգի ենթարկի: 

Տուրիզմին սպասարկող ավտոտրանսպորտը նույնպես պետք է որոշակի փոփոխություններ պետք է կատարի՝ նոր ստանդարտներին համապատասխանելու ու հյուրերին վարակվելու վտանգին չենթարկելու համար: Անհատական ուղևորափոխադրումներ կատարողները պետք  է ապահովեն հաճախորդներին առանձնացված և ստերիլ միջավայրով, տրամադրեն անհատական ախտահանիչ միջոցներ, վարորդները լինեն դիմակով և կրեն ձեռնոցներ:

Տուրիստական գործակալությունները, ծրագիրը կազմելիս, պետք է ամբոողջությամբ բացահայտեն ընդկրգված ուղղություններում վիրուսի հետ կապված ռիսկերը: Սա նշանակում է, որ պետք է ծրագրում ընտրվեն այնպիսի հյուրանոցներ, տարվեն այնպիսի տեղեր այնպիսի տրանսպորտով, որոնք ամբողջությամբ բավարարում են սահմանված սանիտարա-հիգիենիկ նորմատիվներին: Կարիք կլինի ներկայացնել այն կոնկրետ գործողությունները և հարմարությունները, որոնք իրականացվել և նախապատրաստվել են հյուրերի անվտանգության ապահովման համար՝ տուրիզմի կազմակերպման մասնակիցների կողմից: Այս տեղեկատվությունը գերակայում է սովորական մարկետինգային նկարագրական տեղեկություններին:

Իհարկե, այս ամենը կլինի ավելի խիստ սկզբում, և հետագայում, երկու-երեք տարի անց, երբ վստահությունը տուրիզմի նկատմամբ աճի ու վիրուսի տարածումը լինի կառավարելի սահմաններում, որոշ պահանջներ կհանվեն կամ կթուլացվեն: Սակայն, ինչպես էլ զարգանան իրադարձությունները, տուրիզմը կլինի նոր որակի, ավելի թանկ ու այլ կերպ: 

 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.